Ալիեւը դժգոհ է ադրբեջանցի դիվանագետների աշխատանքից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեսակոնֆերանսի ռեժիմով ցուցումներ է տվել ԱԳՆ նոր ղեկավար Ջեյխուն Բայրամովին, հայտնում է Turan-ը:
Ալիեւը հայտարարել է արտգործնախարարությունում կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին: «Կադրային խնդիրները լուծելիս անհրաժեշտ է հրաժարվել անձնական ծանոթության սկզբունքից, անհրաժեշտ է վերանայել ԱԳՆ-ի աշխատանքը ուսումնասիրել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: Որոշ դեսպանություններ չեն կարողանում պատշաճ մակարդակով պաշտպանել մեր շահերը: Անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը արտասահմանյան լրատվամիջոցների եւ սփյուռքի կազմակերպությունների հետ»,- ասել է Ալիեւը: Նա դժգոհել է, որ Ադրբեջանի դեմ«կեղտոտ քարոզարշավ» է իրականացվում, իսկ դեսպանությունները դրան համարժեք չեն արձագանքում:
Մասնավորապես, նա հիշատակել է քաղաքական արտագաղթողներին: «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են իրենց գործընկերներին այդ մասին: Մենք ասել ենք, որ նրանք են համակարգում են այդ մարդկանց աշխատանքը: Սա ցույց է տալիս այդ երկրների երկերեսանիությունը, որոնք միայն խոսքերով են մեզ համար բարեկամներ: Նրանց նպատակն է թուլացնել Ադրբեջանը, վարկաբեկել Ադրբեջանի ղեկավարությանը: Սա նոր քաղաքականություն չէ, նախկինում փորձում էին մեզ, այսպես կոչված, անկախ հասարակական կազմակերպությունների օգնությամբ սեւացնել: Սակայն նրանց ֆինանսավորում են խոշոր երկրների արտաքին գործերի գերատեսչությունները՝ իրենց շահերին հասնելու համար: Սա մտածված քաղաքականություն է: Մեր դիվանագիտությունը պետք է ակտիվորեն պայքարի այս ամենի դեմ, ինչը չի եղել վերջին ժամանակներս»,- ասել է Ալիեւը:
Անդրադառնալով այլ երկրների հետ փոխհարաբերություններին՝ Ալիեւը նշել է Եվրամիության հետ երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները: «Ապագա համաձայնագրի մեծ մասը պատրաստ է, բայց մեզ համար կան անընդունելի կետեր: Դրանց ընդունումը մեզ համար անհնար է: Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը: Մենք մեր շահերին հակասող փաստաթուղթ չենք ստորագրի: Սակայն փոխզիջման տեղ կա»,- ասել է նա:
«Սակայն ԱԳՆ-ի հիմնական խնդիրը մնում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը: Մեր դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն կարող լինել: Սա մեր պատմական հողն է, եւ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Բանակցություններ հանուն բանակցությունների չեն լինի, դրանք պետք է լինեն կոնկրետ հարցերի շուրջ: Այսօր Հայաստանը խափանում է բանակցությունները»,- ասել է Ալիեւը՝ հաջողություն մաղթելով նոր նախարարին:
Կարծիքներ