Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարի տեղակալներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։
Փոխնախարարները շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով:
Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես` սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու հնարավոր լուծումները:
Նշվել է, որ ներկայումս արգելվում է դիմավորող անձանց մուտքը սպասասրահ, ինչը երբեմն դժգոհությունների առիթ է դառնում՝ խոչընդոտելով օդանավակայանի աշխատանքը։ Միաժամանակ, սպասասրահում գործում են մի շարք ծառայություններ (բանկոմատ, բանկ, սրճարան և այլն), որոնցից օգտվելու պայմանները ևս կարգավորման կաիրք ունեն։
Քննարկումների ընթացքում առաջարկվել է դիտարկել թեթև շարժական կառույցների միջոցով ՊՇՌ թեստերի իրականացման հատվածը ժամանակավորապես մեկուսացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ։
Այցի ընթացքում քննարկվել են համաճարակային իրավիճակի բարելավմանը և ուղևորահոսքերի արդյունավետ կարգավորմանն ուղղված այլ հարցեր ու առաջարկներ:
Կարծիքներ