«Առավոտ» օրաթերթի լրագրողը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանին տրամադրել մայրիկի ենթադրյալ մորաքրոջ համարը
Երեկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ, «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ինքնավստահ կեցվածքով, խրոխտ առոգանությամբ երկար-բարակ սկսեց պատմել, թե իր մայրիկի մորաքույրը հեղափոխության ժամանակ սատարել է Նիկոլ Փաշինյանին, սակայն պատերազմից հետո հիասթափվել է: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Լրագրողը, որն առավել շատ նմանվել էր կերպար մարմնավորող դերասանուհու, սկսեց հերթով թվարկել, թե ինչից է դժգոհ ենթադրյալ մորաքույրը՝ ակնարկելով, թե իբրև ինքն էլ հակադարձել է մորաքրոջը՝ հեգնական հիշեցնելով ՀՀ վարչապետի և գործող կառավարության տարբեր անդամների այս կամ այն իրավիճակների կամ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունները:
Ապա Ջեբեջյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե երբևէ մտածե՞լ է՝ ի՞նչ է լինելու այն օրը, երբ այլևս ֆիզիկապես Հայաստանի գործող ղեկավարը չլինի, ի՞նչ են խոսելու նրա մասին:
Ի պատասխան՝ Փաշինյանը Ջեբեջյանին հորդորեց մայրիկի մորաքրոջ հեռախոսահամարը փոխանցել, որի հետ ինքը պատրաստակամ է հանդիպել, լսել նրա դժգոհությունները:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից այսօր «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե արդյոք հաջողվե՞լ է կապվել այդ կնոջ հետ: Բաղդասարյանը հայտնեց, որ ասուլիսից անմիջապես հետո «Առավոտի»-ի լրագրողից խնդրել են փոխանցել նրա համարը, ինչին ի պատասխան՝ վերջինս ասել է, թե չունի տվյալ մարդու համաձայնությունը:
«Նշեմ, որ այսօր ինձ հանձնարարված էր լրագրողի հետ նորից զրուցել և համարը խնդրել: Մենք առավոտից փորձում ենք կապ հաստատել տիկին Ջեբեջյանի հետ, որն առավոտյան նախ փոխանցեց, որ չի կարող կապվել իր մոր մորաքրոջ հետ, քիչ առաջ էլ մեզ հետ կապ հաստատեց և ասաց, որ մորաքույրը չի ուզում հանդիպել, որովհետև այժմ թիրախավորված է: Համարը մեզ այդպես էլ չի փոխանցվել»,- մանրամասնեց վարչապետի մամուլի քարտուղարը:
Նկատենք, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, «Առավոտ» օրաթերթը գնել է ԼՂ նախկին պետնախարար, գործածար Ռուբեն Վարդանյանը:
Կարծիքներ