Ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում է նախատեսվում
Կառավարությունը քննարկման է դրել Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը՝ որով նախատեսվում է մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Բանն այն է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, Հայաստանում խնդիր է առաջացել բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են՝ 2019 թվականին 2015 թվականի համեմատ ցանքատարծությունները շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42,0 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա: Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5% 2014 թվականի 48,7%-ի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250,0 – 330,0 հազար տոննա ցորեն։
Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։
Նախագիծը մշակողները հույս ունեն, որ ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։
Կարծիքներ