«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկել է Վանաձորում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 9-ն անցկացնում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնից, միջոցառման հանդիսավոր մեկնարկը տրվել է հունիսի 24-ին Վանաձորում՝ «Բարեկամություն» անսամբլի համերգային ծրագրով։
«Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ով կարևորեց նման փառատոնի անցկացման դերը և ասելիքը․ «Ես հաճախ եմ հարց տալիս, թե ինչի մասին է այս փառատոնը․ այս փառատոնը այն մասին է, որ որքան էլ կյանքը դժվար լինի, որքան էլ ժամանակները լինեն բարդ և երերուն, միևնույն է՝ արժե ապրել, միևնույն է, չի կարելի կորցնել լավատեսությունը, չի կարելի կորցնել հավատը, և ահա «Ֆրեսկո» միջազգային փառատոնն ապացուցեց, որ բարձրագույն մի ոլորտում աշխարհիկ և հոգևոր արժեքները համընկնում են»։
Միջոցառմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսանը, ով իր խոսքում ընդգծեց, որ Վանաձորում նմանօրինակ միջոցառումների անցկացումը անչափ կարևոր է՝ հատկապես, որ փառատոնը իր տեսակով բազմաժանր և բազմաբովանդակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակում ցուցադրվելու են անցած տասը տարիների մրցանակային ֆիլմերը։
Հունիսի 25-ին Դմիտրի Բրիկմանի հետ տեղի կունենա հանդիպում-վարպետության դաս՝ «Լուսանկար. տեսնել անտեսանելին» խորագրով
Հունիսի 27-ին կկայանա ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Քշիշտոֆ Զանուսիի հետ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12):
Վանաձորում տեղի կունենան նաև վարպետության դասեր, հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, ինչպես նաև մշակութային ներառական ճամբար:
Կարծիքներ