«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություն
«էրեբունի» ԲԿ է դիմել 33-ամյա կին՝ նշելով, որ ավելի քան 3 տարի ունի ցավ կրծքավանդակում, քաշի անկում, սրտխառնոց, սնվելու ընթացքում դժվարություններ: Անհրաժեշտ բոլոր հետազոտություններից հետո ախտորոշվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ կերակրափողի ախալազիա: «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը որոշել է կատարել պերօրալ միէկտոմիա՝ էնդոսկոպիկ եղանակով:
Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, կերակրափողի էնդոսկոպիկ պերօրալ միէկտոմիան ախալազիայի բուժման ամենաժամանակակից եւ նորագույն մեթոդ է: Այս մեթոդով վիրահատություններն արդեն 3 տարի է «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում էին Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովի հետ: Սակայն այս անգամ «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանն այս վիրահատությունը կատարել է միայնակ, առանց ռուսաստանցի գործընկերոջ:
Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների, հիվանդը բժշկական կենտրոնից դուրս է գրվել վիրահատության 3-րդ օրը:
Ախալազիան կերակրափողի հազվադեպ հանդիպող հիվանդություն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, որը թեեւ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն էականորեն վատթարացնում է կյանքի որակը: Սպազմի հետեւանքով առաջանում է կերակրի ընդունման անհնարինություն, ուժեղ սրտխառնոց:
Հարկ է նշել, այս վիրահատությունների համար անհրաժեշտ են ինչպես մասնագիտական լուրջ հմտություններ, այնպես էլ տեխնիկական հագեցվածություն:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայությունը հագեցած է աշխարահռչակ PENTAX MEDICAL ընկերության գերժամանակակից էնդոսկոպիկ սարքով, ինչը հնարավորություն է տալիս ախտորոշել կերակրափողի, ստամոքսի եւ աղիների խնդիրներն ամենավաղ փուլերում, ինչպես նաեւ, նորագոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց այդ պահին կատարել վիրահատական միջամտություններ:
Կարծիքներ