Մի խումբ թուրք մտավորականներ բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղում վերահաս ցեղասպանության վտանգի մասին
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մի խումբ թուրք ազդեցիկ գործիչների հայտարարությունը տարածել է Gerceknews պարբերականը:
Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանն արդեն ութ ամիս է՝ շրջափակել է Լաչինի միջանցքը, և «երբեմնի կենսունակ Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար ծանր ճգնաժամի շեմին»:
«Բաքվի կառավարության հավանությանն արժանացած և Անկարայի աջակցությամբ ամրապնդված անողոք շրջափակումը ոչ միայն մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլև առաջացրել է վերահաս ցեղասպանության մտավախություններ։ Այս ծանր իրավիճակը դրդել է մի խումբ ազդեցիկ թուրք գործիչների՝ իրենց ձայնը բարձրացնելու հօգուտ միջազգային գործողությունների՝ ուղղված շրջափակման դադարեցմանն ու պաշարված բնակիչներին օգնություն ցուցաբերելուն,», - գրել են գործիչները՝ ընդգծելով, որ հարկավոր է գործել նախքան հումանիտար աղետի առաջացումը։
«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության իրերը հնարավոր չէ առաքել Ղարաբաղ, իսկ բնակիչները հայտնվել են թակարդում՝ առանց բժշկական հրատապ օգնության հասանելիության: Ճգնաժամի խորացմանը և միջազգային մտահոգությունների վերահաստատմանը զուգընթաց Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և շարունակաբար սպառնալ Ղարաբաղի ժողովրդին: Ավելին, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում բնութագրում է որպես ցեղասպանություն»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև միջազգային հանրությանը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել այս հարցում:
Հայտարարության մեջ պատմական զուգահեռ է անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ:
«Ինչպես 1948-49 թվականներին օդային տրանսպորտով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման ուղիներով՝ դրանով իսկ վերջ դնելով այս հումանիտար ողբերգությանը», - նշել են թուրք մտավորականները:
Կարծիքներ