«Հրդեհ» Օպերայի և բալետի թատրոնում. ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնական վարժանք է իրականացրել
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում իրականացվեց հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև աշխատակիցների տարհանում:
«Դեպքի վայր» էին ժամանել 10-ից ավելի մարտական հաշվարկներ, այդ թվում բժշկական ապահովության ծառայության, հոգեբանական աջակցության ծառայության և փրկարարական ուժերի ծառայողներ՝ համապատասխան տեխնիկայով:
Ըստ նախօրոք հաստատված պլանի շենքում «հրդեհ» էր բռնկվել, ինչի ժամանակ հրշեջ-փրկարարական ուժերն իրականացրել են իրենց ծառայությունը: «Հրդեհը» 3-րդ կանչի բարդության էր, ներգրավվել էին բոլոր ժամանած մարտական հաշվարկները: Ընդհանուր առմամբ 4 «տուժած» է տարհանվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը և հավելեց, որ ուսումնավարժական աշխատանքների ամփոփումից հետո կանդրադառնան արդյունքներին:
Գասպարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց աշխատանքները և շեշտեց, որ ակնհայտ թերություններ չեն նկատվել: Նրա խոսքով՝ կան մասնագիտական մանրամասներ, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն:
«Կուսումնասիրենք ամեն ինչ՝ հետագայում ցանկացած թերություն կամ բացթողում վերացնելու համար: Այս ուսումնական վարժանքներն իրականացվում են խաղաղ պայմաններում, որպեսզի մեր ուժերի և անձնակազմի պատրաստվածության մակարդակն ուսումնասիրենք, հասկանանք»,- նշեց ՓԾ տնօրենը:
Կարծիքներ