Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերն ու շտաբը. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները իննական դիտորդական կետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող հարավային և հյուսիսային գոտիներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ տեղեկագրին, ևս 7 ժամանակավոր կետեր են ստեղծվել Լաչինի միջանցքում:
«2020 թվականի նոյեմբերի 10-ից խաղաղապահների զորախմբի մուտքի կազմակերպման նպատակով 7 ժամանակավոր դիտակետեր են տեղակայվել Լաչինի միջանցքում: Երեկ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն ավարտին են հասցրել դիտորդական կետերի տեղակայումը «Հյուսիս» պատասխանատվության գոտում: Ներկա պահին հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնում են խաղաղապահ ստորաբաժանումներն իրենց պատասխանատվության հարավային գոտում գտնվող 9 դիտորդական կետերից և հյուսիսային գոտում տեղակայված ևս 9 դիտորդական կետերից»,- ասվում է տեղեկագրում:
Ստեփանակերտում ավարտվել է նաև ռուս խաղաղապահ ուժերի կառավարման համար հրամանատարական կետի տեղակայումը:
Նշվում է, որ շարունակվում է ռուս խաղաղապահների զորախմբի հիմնական ուժերի տեղափոխումը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:
«Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինման և ռազմական ու հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Նոյեմբերի 18-ից սկսած իրականացվել է 118 չվերթ, այդ թվում 23-ը՝ վերջին 24 ժամում»,- պարզաբանել են ՌԴ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Կարծիքներ