«Հայաստան» հիմնադրամն արցախցի երեխաների համար ամանորյա միջոցառումներ է կազմակերպել

«Հայաստան» հիմնադրամն արցախցի երեխաների համար ամանորյա միջոցառումներ է կազմակերպել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք:

 

Ծրագիրը մեկնարկեց սույն թվականի դեկտեմբերի 30-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացած առաջին ներկայացումով, որին մասնակցում էին այսօր Երևանում և հարակից շրջաններում բնակվող արցախցի շուրջ 300 երեխա:

 

Տիկնիկային թատրոնի ռեժիսոր և միջոցառման համակազմակերպիչներից Սամսոն Մովսիսյանը նշեց, որ շուրջ 600 երեխա կհյուրընկալվի տիկնիկային թատրոնում, իսկ ամանորյա հրաշքը նաև մարզերի երեխաներին հասցնելու նպատակով հիմնադրամը կազմակերպելու է թատերախմբի ավելի քան 12 այց Հայաստանի մարզերում, տարբեր քաղաքներում ապաստանած երեխաների համար. «Մեզ համար շատ կարևոր է, որ ցանկացած իրավիճակում փոքրիկները չկորցնեն իրենց հավատը և վստահ լինեն, որ ամանորյա հրաշքներ լինում են: Մեր նպատակն է, որպեսզի որքան հնարավոր է շատ երեխաներ մասնակից լինեն այս հրաշքին, այցելենք շատ մարզեր ու համայնքներ, և երեխաները, իսկապես, իրենց զգան ինչպես մեկ օր հրաշքի մեջ»,- հավելեց Սամսոն Մովսիսյանը:

 

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգում է ինչպես դեպի Երևան, այնպես էլ դեպի մարզեր տրանսպորտային փոխադրումը:

 

Միջոցառման մասնակից, Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից Անուշ Խանյանը միջոցառմանը եկել էր ընտանիքի՝ 2-ամյա տղայի և ամուսնու հետ. «Անչափ շնորհակալ ենք, որ այս դժվարին օրերին փորձում են մեզ շեղել մեր առօրյա հոգսերից և, որ ամենակարևորն է ջանք չեն խնայում նմանատիպ միջոցառումներով հատկապես մեր երեխաներին ուրախացնելու, անակնկալներ մատուցելու և հրաշքին հավատալ օգնելու համար»:

 

Բացի ներկայացումներից, երեխաներին սպասում էին նաև անակնկալներ, հյուրասիրություն, մուլտհերոսների, հեքիաթային կերպարների այց: Ներկայացումից հետո բոլոր երեխաներն անձամբ Ձմեռ պապից, Ձյունանուշից և Էլֆերից ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղարկված նամակներում:

 

«Շատ հավանեցինք ներկայացումը, մուլտհերոսներն ուրախացրին մեզ: Ես Ձմեռ պապիկին նամակ էի գրել և տիկնիկ խնդրել. շատ ուրախ եմ, որ երազանքս կատարվեց, ու հենց Ձմեռ պապից ստացա իմ նվերը»,- պատմեց մարտունեցի Հովսեփյան Վիկտորյան:

 

Մինչև հունվարի 20-ն արցախցի, ՀՀ և Արցախի զինծառայողների 1000-ից ավելի երեխա կմասնակցի «Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրին: Երեխաներին ժպիտ պարգևելը տոն է բոլորի համար, քանի որ հենց այդ ժպիտն է վաղվա լուսավոր օրվա հույսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում