Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանն առցանց՝ zoom հարթակում մասնակցել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որդեգրելով կայուն զարգացման քաղաքականությունը, կարևորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը։ Այդ մոտեցումը լիարժեք արտացոլվում է էներգաարդյունավետության խթանման միջոցառումներում՝ լինի դա շենքերում, արդյունաբերությունում և կամ գյուղատնտեսությունում։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկիր, ակտիվորեն ներգրավված է կլիմայի փոփոխության մեղմանն և հարմարվողականությանն ուղղված միջազգային գործընթացներում՝ համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և մի շարք այլ միջազգային կառույցների հետ։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես կոնվենցիայի իրականացման լիազոր ազգային մարմին, նաև արդյունավետորեն օգտագործում է Փարիզյան համաձայնագրի ֆինանսական մեխանիզմի՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի հետ համագործակցությունը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխության ծրագրերի մշակման և իրականացման նպատակով։

Իրենց ելույթներում նախարարի տեղակալները շեշտեցին, որ այս համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարար Ռոմանոս Պետրոսյանը չափազանց կարևորում են Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Շենքերի էներգաաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» 20 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրի գործունեությունը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։

Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդ ծրագիրն է։

Ծրագրի գործողությունները միտված են բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ համապատասխան ներդրումային դաշտի ստեղծման և դրա հետ կապված ֆինանսական և կազմակերպական ռիսկերի նվազեցման միջոցով։

Ծրագիը մշակվել է Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և կնպաստի Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի կատարմանը, սակայն ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ են նաև Հայաստանի այլ համայնքներ։ Այս առումով հատկանշական է համագործակցությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ մարզերի համայնքներում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման առումով։

Ամփոփելով հանդիպումը, նախարար տեղակալ Տիգրան Սիմոնյանը վերահաստատեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որպես Ծրագիրը համակարգող գերատեսչություն, ամենայն պատասխանատվությամբ գիտակցում է այս ծրագրի հաջող իրականացման կարևորությունը, որի իրականացման հաջողությունը մեծ չափով կախված է պետության-տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունից։

Ծրագրի արդյունքները օրինակ կարող են դառնալ և ծառայել որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում