Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ
Հայաստանում «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 14-ին կանցկացվի համապետական աշնանային ծառատունկ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանը նշեց, որ նախատեսվում է տնկել շուրջ 260 հազար ծառ, որից 200 հազարը «Հայանտառ» տնտեսության տարբեր մասնաճյուղերում, 50 հազարը տրամադրվելու է տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Այս տարի նորամուծություն ենք կիրառելու, 10 հազար ծառ էլ տրամադրվելու է տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների: Նպատակը հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորումն է և շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում քաղաքացիներին ներգրավվելն է: Մեր նպատակն է մասնավոր հատվածին ևս ներգրավել այս գործընթացում, իսկ ծառատունկի ընթացքում «Հայանտառ»-ի մասնագետները կլինեն իրենց կողքին, կուղղորդեն, տարածքներ կնախանշեն, որ ծառատունկն իրականացվի ճիշտ կերպով»,-ասաց Տիգրան Գեղամյանը:
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը նշեց, որ արդեն մասնավոր հատվածից արձագանքներ կան: Մասնագետի խոսքով, լայնածավալ անտառապատման աշխատանքներն ուղղված են օդի աղտոտվածության, հողերի դեգրադացման, կլիմայի դեմ պայքարի խնդիրների լուծմանը: «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն նախորդ և այս տարի տնկվել է շուրջ 702 հազար 280 ծառ:
«Մինչ տնկելը, կատարվում են հողի նախապատրաստական աշխատանքներ, իրականացվում է տարածքի ցանկապատում: Մենք հիմնականում տալիս ենք փակ արմատային տնկիներ, որոնց կպչողականությունը, կարելի է ասել, 100 տոկոս է: Իհարկե, եղանակային պայմանների պատճառով, սելավների հետևանքով չեն կպնում, բայց ասեմ, որ տարվա ընթացքում այդ բացը լրացվում է: Թեպետ, ասեմ, որ կպչողականության հետ կապված խնդիր հիմնականում ունենք Սյունիքում եղանակի չոր լինելու պատճառով, բայց, նորից եմ ասում, բացերը մենք հաջորդ տարի լրացնում ենք»,-ասաց Պավել Ցուգունյանը:
Ծառատունկին զուգահեռ «Հայանտառ»-ն ուշադրության կենտրոնում է պահում ապօրինի անտառահատումների խնդիրը: 2020 թվականին ապօրինի ծառահատումների քանակը եղել է 9 հազար 711, 2021 թվականի ընթացքում՝ 9 հազար 86:
«Առաջիկայում մեր աշխատանքների հիմնական շեշտը դրվելու է անտառապահպանության վրա: Ներկայում նախատեսում ենք անտառային կոմիտեներում ստեղծել շուրջօրյա անտառային ծառայություն, ինչը մեծ առավելություն է: Փոքր մոբիլ խմբերը շուրջօրյա կաշխատեն: Դա կնպաստի անտառապահերի զգոնության բարձրացմանը և կօգնի փայտագողերին բացահայտելու գործում»,-ասաց Պավել Ցուգունյանը:
Պավել Ցուգունյանը նշեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ու իր հանձնարարությամբ անտառային տնտեսություններում իրականացվել են մանրամասն ստուգումներ, ամենաշատ անտառխախտումներն առկա են Հրազդանի, Թումանյանի անտառտնտեսություններում, Թթու ջուր-Արծվաբերդ հատվածում և այլն:
Կարծիքներ