ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում

ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ են ներկայացվել կենտրոնի պատմության, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ։ Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման գործընթացին առնչվող հարցեր, ինչը նույնպես ուսումնական կենտրոնի առաջնահերթություններից է:

Ըստ աղբյուրի՝ ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային և առօրյային:

Նշվում է, որ Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան է այցելում նաև Կանզասի նահանգապետ Լորա Քելին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում