Ջո Բայդենին վիրավորել են երեխաների հետ սուրբծննդյան ավանդական հեռախոսազրույցի ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին վիրավորական արտահայտություն են ասել ուրբաթ օրը երեխաների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը երկրի առաջին զույգն ավանդաբար անցկացնում է Սուրբ Ծննդի նախօրեին։ Տեսագրությունը տարածել են ամերիկյան լրատվամիջոցները։
Ջարեդ անունով ծնողը ողջունել է պետության ղեկավարին և առաջին տիկին Ջիլ Բայդենին.
«Հուսով եմ, որ դուք նույնպես հիանալի Սուրբ Ծնունդ կանցկացնեք: Առաջ, Բրենդոն»,- ասել է ծնողը:
«Առաջ, Բրենդոն, ես համաձայն եմ», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը:
Դրանից հետո նախագահը հարցրել է, թե որտե՞ղ է ապրում զրուցակիցը, արդյո՞ք նա Օրեգոնից է, սակայն վերջինս չի պատասխանել։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։
Բայդենի հակառակորդներն ամերիկյան պահպանողական շրջանակներում հաճախ են օգտագործում «Առաջ, Բրենդոն» էվֆեմիզմը՝ Սպիտակ տան ղեկավարին ուղիղ հայհոյելու փոխարեն: «Առաջ, Բրենդոն» արտահայտությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ երկրպագուները հոկտեմբերին ամերիկյան վարչակազմի ղեկավարի հասցեին հայհոյանքներ հնչեցրեցին NASCAR-ի ազգային ասոցիացիայի մրցումների ժամանակ: Մրցարշավորդ Բրենդոն Բրաունի հետ ուղիղ հարցազրույցում լրագրողին թվացել էր, որ ամբոխը վանկարկում է «Առաջ, Բրենդոն»: Այդ ժամանակվանից ի վեր այս արտահայտությունն օգտագործվում է՝ որպես Բայդենին վիրավորելու ավելի մեղմ միջոց՝ էվֆեմիզմ: ԱՄՆ-ում այս արտահայտությունը հաճախակի հայտնվում է պաստառների և շապիկների վրա այն վայրերում, որտեղ գտնվում է դեմոկրատ նախագահը: Հանրապետականներն իրենց ելույթներում են օգտագործում այս բառերը, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ այս կարգախոսով ապրանք է վաճառում։
Ինքը՝ Բրենդոն Բրաունը, դժգոհություն է հայտնել, որ իր անունը դարձել է հակաբայդենյան կարգախոս։
Կարծիքներ