Արցախում Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով։
«Հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տված հանձնարարությամբ, ՆԳ նախարարի կարգադրություններով և ԱՀ ոստիկանության պետի հրամանով, Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։
Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ