Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության լայնածավալ զորավարժությունները
Այսօր Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության «Locked Shields 2022» լայնածավալ զորավարժությունները։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Տալլինի կիբեռպաշտպանության կենտրոնի (CCDCOE) մամուլի ծառայությանը։
««Locked Shields» ամենամյա զորավարժությունների ժամանակ երկու օր շարունակ 32 երկրներից ավելի քան երկու հազար մասնակիցներ կմշակեն ազգային ՏՏ համակարգերի և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը լայնածավալ կիբեռհարձակումից: Մասնակից թիմերը ճգնաժամային իրավիճակում նաև մարտավարական և ռազմավարական որոշումներ կընդունեն՝ համագործակցելով միմյանց հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Զորավարժությունների սցենարի համաձայն, մտացածին «Բերիլիա» կղզի պետության դեմ համակարգված կիբեռհարձակումներ են տեղի ունեցել, որոնք լրջորեն վնասել են էլեկտրացանցերի, ջրի մաքրման համակարգեր, հասարակական անվտանգության ցանցերի և այլ կարևոր ենթակառուցվածքների աշխատանքը:
Արագ արձագանքման ազգային թիմերը պետք է օգնության հասնեն «Բերիլիային»՝ հետ մղելու կիբեռհարձակումները և վերացնելու դրանց հետևանքները:
2008 թվականին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատեց Տալլինում ՆԱՏՕ-ի կիբեռպաշտպանության կենտրոնի հավատարմագրումը և դրան շնորհեց միջազգային ռազմական կազմակերպության կարգավիճակ:
Այժմ կենտրոնի աշխատանքներին մասնակցում են ԱՄՆ-ը, Էստոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Սլովակիան, Իտալիան, Պորտուգալիան, Լիտվան, Լատվիան, Իսպանիան, Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, Հոլանդիան, Հունաստանը, Թուրքիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Սլովենիան, Հարավային Կորեան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Կանադան, Խորվաթիան, Նորվեգիան, Բուլղարիան և Չեռնոգորիան:
Կարծիքներ