Ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է. Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Ավետարանոց գյուղում Մեծ Հայրենականի հուշարձանի պղծման մասին

Ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է. Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Ավետարանոց գյուղում Մեծ Հայրենականի հուշարձանի պղծման մասին

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում հուշարձանների պղծմանը: «Լուրերի» հարցին, թե ռուսական կողմը ինչպե՞ս է գնահատում Արցախի Ասկերանի շրջանի գրավված Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը, Մարիա Զախարովան պատասխանել է՝

 

«Մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է: Ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է: Հատկապես, եթե խոսքը պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների մասին է, ապա ոչ մի այլ դիրքորոշում չի կարող լինել: Այս մասին տեղեկությունը ստանալուց հետո մենք անմիջապես կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ: Նրանք մեզ հավաստիացրել են, որ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձանների, գերեզմանների վանդալիզմի, ոչնչացման փաստերն ադրբեջանական կողմը ժամանակին արձանագրել է, այս կապակցությամբ քննություն է ընթանում, և բարբարոսություն իրականացնողները պատասխանատվության են ենթարկվում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Մարիա Զախարովան նշել է, որ չի պատրաստվում ադրբեջանական կողմի փոխարեն մեկնաբանել այդ թեման, սակայն քանի որ հարց է հնչել, ապա պատասխանել է՝  նախապես կապվելով ադրբեջանցի գործընկերների հետ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում