ԵՄ-ն աջակցում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. ՍԵՅ ԵՍ` հմտություններ աշխատանքի համար» ծրագրի աշխատաժողովին: Ներկայացվել են 2018-21 թվականներին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում եռամյա ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:
Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ իրականացվող ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների արդյունքներն ամփոփելով՝ պետք է զուգահեռաբար սկսենք նաև հաջորդ քայլերը պլանավորել: Ժաննա Անդրեասյանի խոսքով` ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի վերջին նիստում քննարկվել է մասնագիտական կողմնորոշման խնդիրը, և աշակերտները հարց են բարձրացրել սովորելուն զուգահեռ աշխատելու հնարավորության մասին:
«Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որի ներդրման ուղղությամբ կրթական համակարգը համագործակցում է ԵՄ-ի հետ, երիտասարդների զբաղվածությունը խթանելու տեսանկյունից առաջնային հարց է: Կարևոր է նաև այն փորձը, որ կուտակվում է տարբեր ծրագրերի իրականացման արդյունքում: Փորձնական ծրագրերի շնորհիվ առաջին հերթին մենք կարողանում ենք զարգացնել ուսումնական հաստատությունների ենթակառուցվածների և մարդկային ռեսուրսների կարողությունները:
Երկրորդ` նոր գործընկերության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման փորձ ենք ձեռք բերում, որը լավ հիմք է ստեղծում հետագա ինստիտուցիոնալ քայլերի իրականացման համար: ԿԳՄՍ նախարարությունում այժմ քննարկում ենք փորձարկման փուլի արդյունքների հիման վրա օրենսդրական փոփոխություններ ձեռնարկելու հարցը` համաձայն աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգի»,- նշել է նախարարի տեղակալը` կարևորելով հատկապես մարզային ուսումնական հաստատությունների կարողությունների հզորացումը:
Նրա խոսքով` իրականացված ծրագրերի վերլուծությունը հնարավորություն կտա իրավական դաշտի փոփոխությունները կատարել ավելի նպատակային և թիրախային: Հանդիպման մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեթոդաբանությամբ մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացը, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների վավերացման համակարգի բարելավմանն ուղղված առաջարկները, անդրադարձ է եղել նաև ՄԿՈՒ ոլորտում ներառական կրթության իրականացման խնդիրներին:
«Վորլդ Վիժեն Հայաստան» և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ կազմակերպությունների ներկայացուցիչներ Լիանա Սարգսյանը և Լիլիթ Բեգլարյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են «ԵՄ-ն հանուն երիտասարդության. ՍԵՅ ԵՍ` հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների և գործատուների հետ կյանքի կոչված ծրագրերը, որոնք փորձնական նպատակով իրականացվել են Արարատի պետական, Գավառի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում, Ալավերդու արհեստագործական ուսումնարանում:
Ծրագրերն իրականացվել են ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Նշված հաստատությունները ստացել են ժամանակակից նյութատեխնիկական բազա. մասնավորապես Ալավերդու արհեստագործական ուսումնարանը` կցորդիչով տրակտոր, Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջը` կաթի-կաթնամթերքի և պանրագործության, Արարատի պետական քոլեջը` գինեգործության, Գավառի գյուղատնտեսական քոլեջը` անասնաբուժության լաբորատորիա:
Մշակվել են ոչ ֆորմալ ԱՀՈՒ (Աշխատանքի վրա հիմնված ուսուցման) կարճաժամկետ ծրագրեր, որոնցով իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների մասնակիցներից ոմանք արդեն աշխատանք են գտել գործատուների մոտ, կան նաև դեպքեր, երբ նրանք հիմնել են իրենց բիզնեսը:
Կարծիքներ