ՌԴ-ն երկարացնում է թռիչքների սահմանափակումը Թուրքիա եւ վերականգնում չվերթները Լոնդոն
Ռուսաստանը մինչեւ հունիսի 21-ը երկարացրել Է ավիահաղորդակցության սահմանափակումը Թուրքիայի եւ Տանզանիայի հետ՝ այս երկրներում համաճարակաբանական բարդ իրադրության պատճառով:
Այդ մասին հաղորդել են կորոնավիրուսային ինֆեկցիայի ներբերումը եւ տարածումը չթույլատրելու գծով օպերատիվ շտաբում:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնվի հունիսի 2-ից, Մոսկվա-Լոնդոն երթուղով չվերթները կկատարվեն շաբաթը երեք անգամ՝ փոխադարձ հիման վրա: Այս որոշումն օպերատիվ շտաբն ընդունել Է Մեծ Բրիտանիայում համաճարակաբանական իրադրության բարելավման կապակցությամբ:
Հունիսի 10-ից ավիահաղորդակցությունը կվերսկսվի Ռուսաստանի եւ Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիայի, Մարոկոյի եւ Խորվաթիայի միջեւ: Նաեւ հունիսի 10-ից կվերսկսվի Ալբանիայի հետ չարտերային ավիահաղորդակցությունը Մոսկվա-Տիրանա երթուղով՝ շաբաթը մեկ անգամ: Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը սահմանափակել Է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ եւ տուրօպերատորներին արգելել այնտեղ ուղեգրեր վաճառել COVID-19-ով հիվանդացության բռնկման պատճառով: Փոխադարձ հիման վրա պահպանվել Է շաբաթական երկու չվերթ՝ Մոսկվա-Ստամբուլ եւ Ստամբուլ-Մոսկվա ուղղությամբ:
Տանզանիայի հետ ավիահաղորդակցությունը նույնպես դադարեցվել Է ընթացիկ տարվա ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը: Մեծ Բրիտանիայի հետ Ռուսաստանն ավիահաղորդակցությունը դադարեցրել Էր 2020 թվականի դեկտեմբերի 22-ից այս երկրում կորոնավիրուսի «բրիտանական» շտամի տարածման պատճառով, այնուհետեւ սահմանափակումները քանիցս երկարացվել են:
Վերջին անգամ ավիահաղորդակցությունը մինչեւ հունիսի 1-ը ներառյալ դադարեցնելու վերաբերյալ որոշումն օպերատիվ շտաբի կողմից ընդունվել Է ապրիլի 15-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ