Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանությամբ ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունումը՝ համոզմունք հայտնելով, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը ։

Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշված է. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։

Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված:

Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:

Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան:

Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:

Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում