Կեչառիսի վանական համալիրում վերականգնվել է 13-րդ դարի որմնանկար և բացահայտվել վաղմիջնադարյան եկեղեցի
Կեչառիսի վանական համալիրում վերականգնվել է 13-րդ դարի որմնանկար և բացահայտվել վաղմիջնադարյան եկեղեցի: 11-13-րդ դարերում կառուցված Կեչառիսի վանական համալիրում շարունակվում են «Արմենիա Վայն» գինեգործարանի և «Նոա» ֆուտբոլային ակումբի սեփականատերեր՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների նախաձեռնած բարեկարգման ու վերականգնողական աշխատանքները։ Աշխատանքների շրջանակում վերականգնվել է 13-րդ դարի եզակի որմնանկարը։
Վերականգնումն իրականացրել են «Հուշարձանների վավերագրում» ընկերության մասնագետները, ովքեր իրականացրել են նաև Մայր Տաճարի որմնանկարների վերականգնումը։ Տարածքում իրականացվող հնագիտական պեղումների ընթացքում բացահայտվել են վաղմիջնադարյան եկեղեցու հիմնապատեր և կցակառույցներ։ Հայտնաբերվել են նաև ավելի քան 200 տապանաքարեր, որոնց մի մասն արձանագիր է։ Մասնագետների գնահատմամբ՝ գտածոները կարևոր տեղեկություններ են հաղորդում Կեչառիսի վաղ շրջանի, տարածքի հոգևոր կյանքի և պատմամշակութային զարգացման վերաբերյալ։ Պեղումները շարունակվում են։


Կարծիքներ