Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 համայնք ևս կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում, բնակիչները կստանան արտոնություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին ցուցաբերվելիք աջակցությանը, տեղեկացրեց՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով այս պահին մոտ 40 համայնք ունի սահմանամերձ կարգավիճակ, և Կառավարության վաղվա նիստում կներկայացվի այդ համայնքների ցանկում փոփոխությունների նախագիծ: Ըստ Առաքելյանի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի թվով մոտ ևս 40 համայնք կներառվի այդ ցանկում: Առաքելյանը նշեց՝ այդ համայնքների բնակիչները ևս կօգտվեն սահմանված արտոնություններից:
«2021 թվականի հունվարի 1-ից սկսած գույքահարկի վճարումից կազատվեն և փետրվարից սկսած որոշակի մասնակի փոխհատուցում կտրամադրվի կոմունալ վճարների, գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասով, ինչպես նաև նախորդ տարի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի փոփոխությունների համաձայն՝ կփոխհատուցվի դպրոցական դասագրքերի վճարը»,- ասաց Առաքելյանը:
Նախարարի խոսքով՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման մասով ստեղծված է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է նաև քաղաքացիների զբաղվածության և սոցիալական այլ հարցեր: Նախարարն ասաց, որ այդ մասով առաջիկայում նախատեսված միջոցառումները ևս կներկայացվեն:
Կարծիքներ