Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա շփումների մասին. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա շփումների մասին. Նազելի Բաղդասարյան

Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարևոր ենք համարում ընդգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում և տարբեր ձևաչափերում վերահաստատել է նաև ԼՂ նախագահը:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022 թ. տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում