Հայ երիտասարդներն Իսպանիայում զարգացնում են ձեռնարկատիրական հմտությունները
Համավարակի հետ կապված մեծ ընդմիջումից հետո եվրոպական կրթական, երիտասարդական ծրագրերը վերաբացվեցին․ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը սկսել է հերթականությամբ իրականացնել հետաձգված բոլոր ծրագրերը թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական երկրներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության 12 հոգանոց պատվիրակությունը գտնվում է Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ իրականացվում է Now is Time միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ծանոթանում են սոցիալական ձեռնարկատիրության առանձնահատկություններին, ներկայացնում իրենց երկրների փորձը, իրավական ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև քննարկում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելուն ուղղված համատեղ ծրագրեր և գաղափարներ։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը, ով ուսուցանողներից մեկն է, ասում է, որ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ գիտելիք փոխանցելն ու հմտություններ զարգացնելն արդյունավետ է, այն հնարավորություն է տալիս համադրել տեսական գիտելիքներն ու գործնական աշխատանքը։
Ծրագրին մասնակցում են Լիտվայի, Վրաստանի, Իսպանիայի և Հայաստանի շուրջ 60 ներկայացուցիչ։
Հայաստանյան թիմի առաջնորդներից, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանն էլ նշում է, որ տարբեր երկրների երիտասարդներ հավաքվելով մի վայրում, շփվում են, միմյանց են փոխանցում գիտելիքներ և փորձ, ծանոթանում են տարբեր երկրների մշակութային ժառանգությանը, ավանդույթներին։
Իսպանիայի Գրանադա քաղաքում հավաքված երիտասարդները միջմշակութային երեկոներ են կազմակերպում։ Հայկական երեկոն համեղ և բովանդակային էր։ Մասնակիցներից Մարիամ Ղազարյանն ու Արևիկ Քյասինյանը եվրոպացի երիտասարդներին սովորեցրեցին հայկական ավանդական խաղեր՝ «Հավալա», «Աղջիկ փախցնոցի», Համբարձման տոնական խաղեր, իսկ հայկական պարերը համախմբեցին բոլորին՝ Վերվերին, Յարխուշտան և Էջմիածինը։
Նաիրա Դարբինյանը և Քրիստինե Սեդրակյանը ներկայացրեցին Հայաստանի մասին պատմական տեղեկատվություն․ ո՞վքեր են հայերը, ի՞նչ արմատներ ունեն, որն է մեր կրոնը։ Հետո նաև գիտելիքների ստուգում տեղի ունեցավ «Կահուտ» բջջային հավելվածի օգտագործմամբ, որտեղ Հայաստանի մասին հարցերին ամենաշատ ճիշտ պատասխան տվողները պարգևատրվեցին։
Վրաստանի կազմակերպության ղեկավար Լևան Նիպարիշվիլին գոհ է ծրագրի ընթացքից, բոլոր երկրները ներկայացված են հավուր պատշաճի և հաղորդակցությունը շատ լավ է իրականացվում։ Եվ՛ առաջնորդները, և՛ մասնակիցներն ամբողջությամբ ներգրավված են ծրագրում։
Հայաստանից այս ծրագրին բացառիկ հնարավորություն են ստացել մասնակցելու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի 4 ուսանող, ովքեր փորձառություն ձեռք բերելով հետագայում տարբեր արշավների հանրայնացմամբ պետք է զբաղվեն։
Երիտասարդական ակումբների դաշնությունից միջազգային ծրագրին մասնակցում են նաև Էմմա Մամունցը (Արցախ), Նարեկ Պողոսյանը (Երևան), Մարզպետ Յայլոյանը (Արմավիր), Սոֆի Աբրահամյանը (Արցախ), Անի Քալաջյանը (Շիրակ), Քրիստինե Գյուրջոյանը (Արարատ)։
Միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրը կավարտվի սեպտեմբերի 14-ին։
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։
Կարծիքներ