Պենտագոնը մտահոգված է արհեստական ինտելեկտի ոլորտում Ռուսաստանի եւ Չինաստանի հաջողություններով
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը զգուշացրել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հաջողություններ են գրանցում արհեստական ինտելեկտի ոլորտում՝ նպատակ ունենալով ընդլայնել իրենց ազդեցությունն արտասահմանում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Էսպերը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեր էր, որ երկիրը կդառնա առաջնորդ արհեստական ինտելեկտի ոլորտում, կկառավարի աշխարհը, եւ որ Ռուսաստանը մեծացրել է տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումները:
«Այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է ցամաքային տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, ատոմային ստորջրյա նավերի համար արհեստական ինտելեկտի հիմքով ավտոնոմ համակարգերի մշակման մասին, մենք ակնկալում ենք, որ նրանք կօգտագործեն այդ հնարավորությունները հետագա մարտական գործողությունների գոտիներում»,-հավելել է Էսպերը:
Նախարարի խոսքով՝ արհեստական ինտելեկտն ունակ է փոխելու մարտի դաշտում քարտեզը:
Բացի այդ, Էսպերի խոսքով, զենքի չինացի արտադրողները անօդաչուներ են վաճառում, որոնք, ըստ նրանց, կարող են մահացու հարվածներ հասցնել:
Էսպերը հավելել է, որ «Պեկինը 21-րդ դարի լրտեսական պետություն է ստեղծում՝ նախատեսված սեփական ժողովրդի հանդեպ աննախադեպ վերահսկողության իրականացման համար»:
Կարծիքներ