Ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի խորհրդատվությունը կիրականացնի իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագծին։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակել իտալական «Սիստեմատիկա» ընկերությանը, որը համարվում է միջազգային բարձր վարկանիշ և նմանատիպ ծրագրի իրականացման ու անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ ունեցող ընկերություն։
Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման արդյունավետությունը․ «Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ դարձավ, որ նմանատիպ կամպուսների, ակադեմիական քաղաքների հաջողության հիմնական պայմանը դրանց տրանսպորտային կապվածության և շարժունակության հնարավորություններն են: Եվ կախված նրանից, թե ինչ հաջողությամբ է այդ խնդիրը լուծված, էապես հաջողում է նաև նախագծի իրականացումը»:
Շեշտելով, որ ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունակության պլանն ունի առանձնահատուկ նշանակություն, նախարարը ներկայացրել է նախագծի իրականացման շրջանակում ակնկալվող հիմնարար արդյունքները:
«Ակնկալում ենք ստանալ տրանսպորտի և շարժունակության մաստեր-պլանը, որտեղ կընդգրկվեն հնարավոր բոլոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունն ու պահաջվող գործողությունները, որոնք պահանջվում են ծրագրի ռազմավարությամբ: Ծրագրի առանձին բաղադրիչներից է հոսքերի ուսումնասիրությունը, որտեղ բոլոր տվյալները հավաքագրվելու են, նաև իրականացվելու է անհրաժեշտ շտեմարանների ստեղծում: Իրականացվելու են հոսքերի ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքում նախատեսվում է մշակել համապատասխան մոդելավորումները, մասնավորապես՝ 4 տարբեր մոդելներ, որոնք նաև հնարավորություն կտան ճիշտ պլանավորել հետագա աշխատանքը: Հաջորդաբար ունենալու ենք ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը կամ նախագիծը: Իրականացվելու է երկաթուղու նախնական տեխնիկատնտեսական վերլուծությունը, որը թույլ է տալու անհրաժեշտ եզրակացություններ անել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման ժամանակահատվածը պլանավորված է 8 ամիս, և առաջադրանքի շրջանակը մանրամասն քննարկված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի հետ:
«Նախատեսում ենք, որ 8 ամսվա ընթացքում նաև մյուս գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ևս մեկ կարևոր բաղադրիչ»,- հավելել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործումը շատ կարևոր փուլ է մտել, որտեղ տրանսպորտային հարցի նախագիծն ամենաառանցքայիններից է։ Ըստ Վարչապետի` Ակադեմիական քաղաքն իր շուրջ ունենալու է շրջանաձև ճանապարհ, որը կապահովի մարդատար մեքենաների հասանելիությունը և կհանդիսանա տրանսպորտային շարժի վերջին գիծը։ Իսկ քաղաքի բուն տարածքում նախատեսվում է հետիոտնային, հեծանվային և ուղևորատար այլ տեղաշարժի հնարավորություն: Ծրագրի հեղինակային խմբին տրված այս առաջադրանքը նախագծման փուլում է։ Նախատեսվում է ակտիվ կապ ապահովել նաև երկաթուղու միջոցով, ինչպես նաև հնարավորինս արագ հասանելիություն օդանավակայանից և ՀՀ տարբեր մարզերից դեպի ակադեմիական քաղաք։
Կարծիքներ