«Դինքի սպանությունը մեծ վնաս է հասցրել Թուրքիային. երկիրը կորցրել է հեղինակությունը»
Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատական նիստերից 108-րդը տեղի է ունեցել Ստամբուլի 14-րդ դատարանում հուլիսի 8-ին: Դատական նիստի ժամանակ որպես վկա հարցաքննվող ժանդարմերիայի ստամբուլյան գնդի հրամանատար Ուլայ Քարաօսմանողլուն և ժանդարմերիայի հետախուզական վարչության ղեկավար Այջան Օքթայլան հայտարարել են, որ Դինքի սպանությունից առաջ իրենք լրագրողի դեմ պատրաստվող որևէ գործողության մասին հետախուզական տվյալներ չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Քարաօսմանողլուն նիստի ժամանակ հայտարարել է, որ Դինքի սպանության օրը ինքը ծրագրի է մասնակցել Քոջաելիի նահանգում և լուրը ստանալուն պես մեկնել է Ստամբուլ:
«Այնտեղ ինձ կասկածյալի լուսանկարը ցույց տվեցին: Ես ասացի, որ լուսանկարը հրապարակեն մամուլում, որպեսզի հաջողվի պարզել անձի ինքնությունը»,-ասել է ժանդարմերիայի գնդի հրամանատարը:
Քարաօսմանօղլուն նշել է նաև, որ Դինքի սպանությունը մեծ վնաս է հասցրել Թուրքիային:
«Իմ երկիրը կորցրեց իր հեղինակությունը: Ես դատապարտում եմ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող լրագրողի սպանությունը: Դինքի ով լինելու մասին ես և հետախուզությունը իմացել ենք թերթերից` սպանությունից հետո: Մենք մեր պարտքը կատարում ենք առանց էթնիկական և կրոնական խտրականության»,-ասել է Քարաօսմանօղլուն:
Վկա Այջան Օքթայլան էլ, որն այն ժամանակ եղել է ժանդարմերիայի հետախուզական վարչության ղեկավարը, հայտարարել է, որ Դինքի դեմ որևէ գործողության վերաբերյալ հետախուզական տվյալներ իրենք չեն ստացել:
«Բացարձակ որևէ հետախուզական տեղեկություն չի ստացվել: Դեպքի մասին մենք իմացել ենք հեռուստացույցից: Ժամանակ առ ժամանակ կապվում էինք ոստիկանության հետ տեղեկություն ստանալու նպատակով»,-ասել է Օքթայլան:
Երկու վկաներն էլ նշել են, որ սպանության վայրում և թաղամասում աշխատող ժանդարմերիայի ներկայացուցիչներից, որոնց նրանք տեսել են լուսանկարներով, ոչ ոքի չեն ճանաչում:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Կարծիքներ