Արցախի ԱԺ պատգամավորի կարծիքով տեղահանված անձանց համար իրականացված սոցիալական ծրագրերը հասցեական չեն

Արցախի ԱԺ պատգամավորի կարծիքով տեղահանված անձանց համար իրականացված սոցիալական ծրագրերը հասցեական չեն

Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների ճիշտ գնահատման կարիք է տեսնում: Հակոբյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում Արցախից տեղահանված անձանց հարցով քննարկմանը:

Ըստ պատգամավորի՝ հենց սկզբից չի կատարվել այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական կարիքների գնահատում: «Ծրագրերը եղել են անձին վերաբերվող, և երբևէ կարիքներն ամբողջական չեն գնահատվել, ընտանիքի կարիքներին լուծում չի տրվել»,-ասաց Հակոբյանը:

Նա նկատեց՝ չկան հստակ թվեր, թե օրինակ բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ: Ըստ նրա՝ լուծումները տրվել են տարերայնորեն:

Արցախցի պատգամավորը խնդրի լուծումը տեսնում է հետևյալ կերպ. «Արագ տեմպերով ներգրավելով ՀՀ-ում օպերատիվ շտաբին՝ շատ արագ կատարել ընտանիքների կարիքների գնահատում և դրանք խմբավորել ըստ առաջնահերթության ու տալ լուծումներ»:

Հակոբյանը նշեց՝ նույն խնդիրը կա նաև Արցախում: «Պետք է իրականացվի կարիքների գնահատում: Պետք է առաջնորդվել ոչ թե սոցիալ-հավասարության սկզբունքով, այլ՝ սոցիալական արդարության սկզբունքով»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ Արցախում ոչ հասցեական, տարերային սոցիալական ծրագրեր են իրականացվել ընտանիքների համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում