ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Հայտնել է ՄԻՊ գրասենյակը

Այցի ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկվել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Առանձնազրույց է անցկացվել վիրավորում ստացած զինծառայողի, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամի հետ։

Զինծառայողը պատմել է, որ սեպտեմբերի 1-ին ծառայություն է իրականացրել գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, երբ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են արձակել ինտենսիվ կրակոցներ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։ Հենց այդ ժամանակ էլ՝ ՀՀ սահմանային բնակչության անվտանգությունն ապահովելիս, վիրավորում է ստացել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները՝ միջազգային գործընկերներին և իրավասու այլ մարմիններին ներկայացնելու նպատակով։

Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:

«Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները ՀՀ բնակավայրերի ուղղությամբ կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ, խախտում են բնակչության անվտանգությունն ապահովող հայ զինծառայողների կյանքի և այլ հիմնարար իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում