Դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում՝ կամավորության սկզբունքով

Դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում՝ կամավորության սկզբունքով

Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վրացերենի ուսուցման առարկայական ծրագրերը՝ 8-րդ և 11-րդ դասարանների համար:

Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել էին նաև պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, այս ուսումնական տարում գործընթացը շարունակելու համար հաստատման անհրաժեշտություն կար հաստատելու միայն վրացերենի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը:

Տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը մշակելու համար ԿԳՄՍ նախարարությունը համագործակցել է համապատասխան մասնագետների և Երևանի պետական համալսարանի հետ: Մշակված ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվել են դպրոցներում գործածության համար:

Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից՝ որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ:

Հիշեցնենք՝ մասնագիտական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, իսկ վրացերենի և պարսկերենի ուսուցումը՝ միջին դպրոցի դասարաններից սկսած:

2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը իրականացվել է ՀՀ 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում՝ պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 13-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն:

Վերոնշյալ հաստատությունների մի մասում տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է խմբակի ձևաչափով, որոշներում՝ 3-րդ օտար լեզվի: Կան հաստատություններ, որոնցում ուսուցումն իրականացվում է և՛ 3-րդ օտար լեզվի, և՛ խմբակի ձևաչափով: Խմբակի և 3-րդ օտար լեզվի ուսուցման դեպքում հաստատություն նոր մուտք գործող մասնագետը պետք է համապատասխանի «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին:

Համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում, որի մեկնարկի մասին անհրաժեշտ է գրավոր տեղեկացնել ԿԳՄՍ նախարարությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում