Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել են 5 մեդալ
Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ:
Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է 35 խոշոր քաղաքի 257 աշակերտ: Երևանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (4 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (3 աշակերտ) և «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:
«Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը («Ինֆորմատիկա»), Լեոնիդ Ասատրյանը («Քիմիա») և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը («Քիմիա») նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Վահրամ Ասատրյանն ու Ռուբեն Համբարձումյանը («Մաթեմատիկա»)՝ բրոնզե մեդալներ։
Նախարարությունը տեղեկացնում է, որ առցանց օլիմպիադան, ըստ առարկաների, անցկացվել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում («Մաթեմատիկա»՝ ղեկավար Նարեկ Մկրտումյան, «Ֆիզիկա»՝ ղեկավար Հրանտ Թոփչյան), «Քվանտ» վարժարանում («Ինֆորմատիկա»՝ ղեկավար Լևոն Մուրադյան) և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում («Քիմիա»՝ ղեկավար Անդրանիկ Դավինյան)։ Օլիմպիադայի կազմակերպումը համակարգել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը:
Նշվում է, որ Երևանի թիմը 2020 թ.-ին նույն օլիմպիադայում արժանացել էր 4 արծաթե և 1 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում կրկին նվաճել էր 2-րդ կարգի մրցանակ։
Կարծիքներ