Թուրքական «ավանդույթների» համաձայն՝ հնարավոր ու անհնար ստորություններ․«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանը Թուրքիայի ուղղորդմամբ և ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ շարունակում է իր ռազմական ավանտյուրան Արցախի նկատմամբ։ Սակայն սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողություններում Ադրբեջանին այդպես էլ չի հաջողվում բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ Ըստ էության, ի սկզբանե պլանավորված բլիցկրիգի կամ կայծակնային պատերազմի պլանները ձախողված են։ Ադրբեջանին էական առավելություն չի տալիս նաև թուրքական հատուկջոկատայինների, սիրիացի ահաբեկիչների ու թուրքական զենք-զինամթերքի առկայությունը։
Ձախողելով իր հիմնական առաքելությունը՝ Ադրբեջանը, թուրքական ավանդույթների համաձայն, դիմում է ստոր քայլերի։ Հարձակման առաջին իսկ օրերից ադրբեջանական բանակը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե իբր Արցախում ապրող հայերն իր քաղաքացիներն են, բայց կրակի տակ է պահում արցախցիներին՝ ռմբակոծելով և արկակոծելով Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի և այլ բնակավայրերի խաղաղ բնակիչներին։ Այս ընթացքում Արցախի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիական բնակավայր հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ, ինչի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Մարդկային կորուստներն ու վիրավորման դեպքերը հիմնականում արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Սրա հետ մեկտեղ ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում ոչնչացվում և վնասվում են ինչպես քաղաքացիների գույքը, այնպես էլ բազմաթիվ ենթակառուցվածքներ, որի արդյունքում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ զրկվում են կենսագործունեության նվազագույն պայմաններից: Այդպիսով Արցախում մարդասիրական աղետ է հասունանում։
Ադրբեջանն ընդհանրապես միջոցների նկատմամբ խտրություն չի դնում և կանխամտածված թիրախավորում է նաև այն լրագրողներին, որոնք պատերազմական գոտուց լուսաբանում են իրականացնում։ Պաշտոնական Բաքվի բարբարոսական գործելակերպը հասել է անգամ այն աստիճանի, որ նրանց կողմից թիրախավորվում են կրոնական և պատմական հուշարձանները, ինչի ամենավառ վկայությունը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրթիռակոծությունն էր, այն էլ՝ երկու անգամ։ Թեպետ, սա էլ թուրքական ծանոթ ձեռագիր է: Արցախահայության նկատմամբ այսպիսի գործողություններն ուղեկցվում են մեծ ծավալի ատելության խոսքով, որը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։
Զանգվածային լրատվության միջոցներով և հատկապես սոցիալական ցանցերով շրջանառության մեջ են դրվում ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Ադրբեջանի այսպիսի գործողությունների նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը, որն իրենց ցեղասպանական գործելաոճի հիմնական դրսևորումն է։ Եթե մի պետություն այսպիսի հանցագործ պահվածք է դրսևորում, ապա միամտություն է կարծել, թե Ադրբեջանը կարող է պահպանել մարդասիրական հրադադարը։ Ադրբեջանի դեպքում մարդասիրական ոչ մի կանոն չի գործում։ Եվ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստվի, որ շատ շուտով պատասխան է տալու մարդկության դեմ ուղղված իր հանցագործությունների համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Կարծիքներ