Արցախի նախագահն ու Ռուստամ Մուրադովը կարևորել են բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Կարծիքներ