Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանում

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանում

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանում, քանի որ մեր երկիրն առաջիններից է, որ միացել է Համաեվրոպական հոգեկան առողջության նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակության անդամները` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի գլխավորությամբ, հանդիպել են «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի հիմնախնդիրները քննարկելու նպատակով:

«Այստեղ ենք առաջին հերթին հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացման և հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերը համախմբելու համար: Երբ վերջին տարիներին աշխարհում առողջապահական համայնքը խոսում է հոգեկան առողջության վրա համավարակի թողած ազդեցությունը հաղթահարելու մասին, մեզ համար կրկնակի, եռակի ծանր օրեր եղան ի թիվս համավարակի` 2020թ. 44-օրյա պատերազմ, սեպտեմբերի 13-ից սկսված սահմանային ագրեսիա, տեղահանվածներ Արցախից և Հայաստանի սահմանամերձ շրջաններից, ուստի օրվա հրամայականն է հոգեբանական օգնության պետական կարգավորումը և պետական ծրագրերով հոգեբանական օգնության ցուցաբերումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը՝ բարձր գնահատելով յուրաքանչյուրի ժամանակի, փորձի և ռեսուրսների ներդրումը հարթակի կայացման և գործառույթների պատշաճ իրականացման գործում:

Նախարարի նախաձեռնությամբ ձևավորված «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիան միավորում է ոլորտում աշխատող ծառայություն մատուցող պետական և մասնավոր կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, հոգեկան առողջությունը` որպես առաջնահերթություն ճանաչող ազգային և միջազգային կառույցներին: Բոլորի նպատակը մեկն է` առաջ քաշել խնդիրները և համատեղ ուժերով գտնել լուծումներ օրենսդրական, ֆինանսական, բուժման ընթացքի բարելավման և ծառայությունների բարեփոխման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում