Գյումրիում 18-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել. անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Գյումրիում 18-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել. անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների ամփոփ տեղեկագիրն է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը: Անցած մեկ օրում նման 9 դեպք է տեղի ունեցել:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին, «Շկոդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Նույն օր՝ ժամը 16.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 22-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ժամը 15.45-ին Մանանդյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Կոմիտասի պողոտայում դեկտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, բախվել են «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաները: «Մերսեդեսի» 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Եվս մեկ պատահար էլ գրանցվել է Երևանի Թևոսյան փողոցում: Բախվել են «Մերսեդես» և «ԳԱԶ-322132» մակնիշի մեքենաները: «ԳԱԶ-322132»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղու և Ուկրաինական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ստեփանավանում ևս դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ժամը 17.30-ի սահմաններում, «Շևրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշանի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Գյումրու Պարույր Սևակի փողոցում դեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Ե 211» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում