Երևանի դպրոցներից մեկում արաբ աշակերտը հարվածել է մեկ այլ տղայի. 14-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի դպրոցներից մեկում արաբ աշակերտը հարվածել է մեկ այլ տղայի. 14-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում դեմքին բռունցքով հարված ստանալու հետևանքով «դիմային շրջանի, փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա տղա է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում թիվ 1 դպրոցում նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, ազգությամբ արաբ 14-ամյա տղան  վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է աշակերտի դեմքին, ինչի հետևանքով նրա ակնոցը կոտրվել է և վնասել աչքը: Տեղում վիրավորի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ իրենք բողոք չունեն, միայն պահանջում են կոտրված ակնոցի գումարը՝ 35 հազար դրամի չափով:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում