Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Մարտունիի ծննդատուն, ծանոթացել առկա պայմաններին ու հնարավորություններին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Մարտունի համայնքի ծննդատանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է մարզպետը:
Կարեն Սարգսյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի և Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է բուժհաստատության առանձին ծառայություններ իրականացնող կաբինետներում, ծանոթացել ծննդկանների և նորածինների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:
Մարտունու ծննդատունն ունի անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումների մոտ 95 տոկոս հագեցվածություն: Ծննդատան միջոցների հաշվին նախորդ տարեվերջին ձեռք է բերվել ավելի քան 5 միլիոն դրամի գույք և տարբեր անհրաժեշտ սարքավորումներ:
«Ծննդատան տնօրենի տեղեկացմամբ՝ բժշկական սարքավորումների համալրման հարցում Մարտունու ծննդատանն աջակցել է «Երևանի Ռոտարի ակումբ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ նվիրելով ավելի քան 19 միլիոն դրամի գույք, լաբորատոր բազմաֆունկցիոնալ և ժամանակակից սարքավորումներ:
Նշված սարքավորումները օգտագործելու նպատակով բուժաշխատողներն անցել են մասնագիտական վերապատրաստումներ:
Մարտունու ծննդատանը ստեղծված տեխնիկական հնարավորությունների շնորհիվ պացիենտը տեղում կարող է ենթարկվել տարատեսակ հետազոտությունների և ստանալ համապատասխան ախտորոշում»,-գրել է մարզպետը։
Կարծիքներ