ԱՄՆ-ը AstraZeneca-ի պատվաստանյութով կկիսվի այլ երկրների հետ
ԱՄՆ-ն այլ երկրների կտրամադրի անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի մի քանի միլիոն դեղաչափ, քանի որ այն չի օգտագործվում ՝ կարգավորիչ մարմնի կողմից թույլտվության բացակայության պատճառով։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով գլխավոր խորհրդական Էնդի Սլավիտը։
Հայտնի չէ, թե երբ և որ երկրներին կմատակարարվի պատվաստանյութը, սակայն նշվում է, որ խոսքը 60 մլն դեղաչափի մասին է։
AstraZeneca-ի մոտ 10 մլն դեղաչափ պատրաստ է օգտագործման և վերջնական ստուգում կանցնի հավանաբար առաջիկա շաբաթներին։ Եվս մոտ 50 մլն դեղաչափը գտնվում է արտադրական տարբեր փուլերում և կարող է պատրաստ լինել ուղարկման մայիսին և հունիսին։ ԱՄՆ-ում AstraZeneca-ի պատվաստանյութի դեղաչափերն արտադրվել են Բալթիմորի Emergent BioSolutions գործարանում։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ դատական հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ պատվաստանյութերի մատակարարումերի վերաբերյալ պայմանագրի չկատարման համար։ Այդ քայլին աջակցություն են հայտնել ԵՄ բոլոր՝ 27 երկրները։
Կարծիքներ