Հաջորդ տարի ԱՄՆ դոլարը կարող է կորցնել արժեքի 20 տոկոսը

Հաջորդ տարի ԱՄՆ դոլարը կարող է կորցնել արժեքի 20 տոկոսը

Հաջորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելու պատճառով ԱՄՆ դոլարը կարող է կորցնել արժեքի 20 տոկոսը, կարծում են Citigroup-ի վերլուծաբանները։

«Պատվաստանյութի տարածումը խթանում է «արջի» շուկայի բոլոր նշանները՝ դոլարին թույլ տալով շարժվել այն նույն հետագծով, ինչ 2000-ական թվականների սկզբին-կեսին,- Financial Times-ի փոխանցմամբ՝ ասել է Citi-ի ռազմավար Քելվին Թսեն։ - Կարո՞ղ է դոլարը միայն մեկ՝ հաջոդ տարում արժեզրկվել 20 տոկոսով։ Մենք կարծում ենք, որ այո, կարող է»։

Նման անկումը կլինի առավելագույնը ամերիկյան արժույթի արժեքի 33 տոկոսով նվազման պահից սկսած, որը սկսվեց 2001 թվականին եւ շարունակվեց մինչեւ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, նշում է FT-ն։

Citi-ի վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդը կզբաղեցնի զգուշավոր դիրք՝ նախքան տոկոսադրույքների բարձրացման որոշում կայացնելը, նույնիսկ չնայած համաշխարհային տնտեսության վերականգնման արագացմանը։ Արդյունքում ներդրողները կսկսեն փնտրել փողի ներդրման այլ հնարավորություններ, քանի որ ԱՄՆ-ում ինֆլյացիայի աճի սպասումները նվազեցնում են դոլարի համեմատական գրավչությունը։

Դոլարային ինդեքսը, որը ԱՄՆ դոլարի արժեքին հետեւում է վեց հիմնական արժույթների նկատմամբ, 2020 թվականի սկզբից նվազել է ավելի քան 4 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում եվրոն դոլարի նկատմամբ արժեւորվել է շուրջ 6 տոկոսով, ավստրալական դոլարը՝ ավելի քան 4 տոկոսով։

Միաժամանակ դոլարի անկումն աննշան է նախորդ տարիների աճի համեմատությամբ։ 2014 թվականին այն արժեւորվել էր գրեթե 13 տոկոսով, 2015-ին՝ 9 տոկոսով։

Անցած տասնամյակում դոլարի պահանջարկի աճը «գրեթե անխուսափելի» էր՝ հաշվի առնելով ԴՊՖ տոկոսադրույքների բարձրացումը՝ այն դեպքում, երբ որոշ կենտրոնական բանկեր դրանք պահպանել են մոտ զրոյի մակարդակում, կարծում են Goldman Sachs-ի վերլուծաբանները։ Դա հանգեցրեց դոլարի ամրապնդմանը եւ հող նախապատրաստեց գալիք անկման համար, նշում է բանկի վերլուծաբան Զաք Փանդլը։ Goldman Sachs-ը կանխատեսում է առաջիկա 12 ամիսներին դոլարի 6 տոկոսով նվազում։

Փանդլի կարծիքով՝ արժույթը թուլանալու է, նույնիսկ եթե ԱՄՆ տնտեսության վերականգնումն արագանա, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Morgan Stanley-ի ռազմավար Էնդրյու Շիթսն իր հերթին սպասում դոլարի 4 տոկոսով արժեզրկման, ինչպես նաեւ Նորվեգիայի, Շվեդիայի, Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի ազգային արժույթների ամրապնդման, երբ պատվաստանյութը զանգվածային օգտագործման մեջ մտնի։ Եվրոն եւ emerging markets-ի արժույթները, ներառյալ բրազիլական ռեալը, հարավաֆրիկյան ռենդը եւ ռուսական ռուբլին նույնպես կարող են դոլարի նկատմամբ աճել։ Շիթսի կանխատեսմամբ՝ մինչեւ հաջորդ տարեվերջ եվրոյի փոխարժեքը կարող է բարձրանալ մինչեւ 1,25 դոլարով։

Deutsche Bank-ի վերլուծաբան Ջորջ Սարավելոսը կարծում է, որ ընթացիկ իրավիճակը «մինչեւ տարեվերջ բարենպաստ է ռիսկային ակտիվների արագ գնաճի, դոլարի արժեզրկման եւ տնտեսական աճի հանդեպ զգայուն արժույթների» համար։

Մի քանի փորձագետներ, սակայն, կորոնավիրուսով հիվանդացության աճի եւ կարանտինային միջոցների վերականգնման պատճառով պահպանում են զգուշավոր կանխատեսումները։ TD Securities-ից Մարկ Մակքորմիկը մասնավորապես հայտարարել է ընթացիկ տարեվերջին դոլարի արժեզրկման կանխատեսման մասին։

«Շուկաները պետք է հաշվի առնեն ընթացիկ լարվածությունը, այլ ոչ թե ուղղակի ապագային նայեն»,- ասել է նա։

Դրանից բացի, Barclays-ի վերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան տնտեսության աջակցության անբավարար մասշտաբային կամ չափից ավելի ուշացած փաթեթը կարող է հանգեցնել «խաղաղ նավահանգստի» ակտիվների պահանջարկի աճի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում