37 ուսանողներ կմրցեն «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում

37 ուսանողներ կմրցեն «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, վարպետներ և փորձագետներ:

Միջոցառման մեկնարկն ազդարարել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝ Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը: Նա նշել է, որ «Աշխարհի հմտություններ» (WORLDSKILLS) մրցույթը միջազգային շարժում է, որը միավորում է աշխարհի շուրջ 85 երկրների, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 2/3-ը: 2012 թվականից Հայաստանը դարձել է այս շարժման մասնակից, իսկ 2016 թվականից՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ: Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է բարձրացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական զբաղմունքների վարկանիշը, հմտությունների մրցույթների կազմակերպման և անցկացման միջոցով զարգացնել մասնագիտական ​​կրթությունն​​ ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Մրցույթի մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ողջ թիմին մրցույթի կազմակերպման հայաստանյան և միջազգային փուլերում ներդրած մեծ ջանքերի համար:

«Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս մենք կարևորում ենք այս մրցույթի անցկացումը և անում հնարավորը՝ առաջիկայում ավելի մեծ մասնակցություն ապահովելու համար թե՛ մասնակիցների թվի, թե՛ մասնագիտությունների ընդլայնման առումով: Միանալով «Աշխարհի հմտություններ» մրցույթի մեծ ընտանիքին՝ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ համապատասխանեցնելու մեր երկրի ՄԿՈՒ ոլորտի հմտությունները միջազգային չափանիշներին: Այս մրցույթն ուսանողների համար իրենց մասնագիտությունն արժևորելու, աշխատաշուկայում արժանապատիվ տեղ ունենալու և հայրենիքում արարելու լավագույն մոտիվացիան է»,- նշել է Արմենուհի Պողոսյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, ‹‹Ատեքս›› նորաձևության կենտրոնի տնօրեն, «Հայաստանի հմտություններ» թիմի՝ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության փորձագետ Կարինե Դնոյանը, ինչպես նաև ‹‹G-n R P›› նորաձևության սրահի տնօրեն, 2013թ. Լեյպցիգում կայացած «Աշխարհի հմտություններ» մրցույթի՝ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից Արփինե Ղուկասյանը, որը ներկայացրել է իր հաջողության ճանապարհը՝ քոլեջից բիզնես:

Այնուհետև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները հանդես են եկել երաժշտական համարներով: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել երդման արարողությունը, որի ընթացքում մրցույթի մասնակիցները և հանձնաժողովի ներկայացուցիչը խոստացել են արդար մրցել և գործել լիակատար անկողմնակալությամբ՝ հարգելով և պահպանելով էթիկայի ու վարքագծի, նաև մրցույթի կանոնները՝ «Աշխարհի հմտություններ» շարժման ազնվություն, խտրականության բացառում, արդարություն, հավասարություն և թափանցիկություն:

«Մենք դա անում ենք մեր թիմերի պատվի համար՝ հարգելով «Աշխարհի հմտություններ» շարժման հիմնարար սկզբունքները և աշխարհը հմտությունների միջոցով ավելի լավը դարձնելու առաքելությամբ»,- վստահեցրել են մրցույթի մասնակիցները:

Նշենք, որ դեկտեմբերի 10-11-ը կանցկացվեն «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ», «ՏՏ ցանցային համակարգի կառավարում», «Նորաձևության տեխնոլոգիա», «Ոսկերչություն» և «Խոհարարություն» հմտությունների մրցույթները, որոնց կմասնակցեն 37 ուսանողներ՝ Երևանի և մարզերի ուսումնարաններից ու քոլեջներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում