Նորատուսում գայլերը 75 գլուխ ոչխար ու գառ են հոշոտել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում մայիսի 29-ի գիշերը գայլերը 75 գլուխ ոչխար ու գառ են հոշոտել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, հոշոտված անասուններից 25-ը գառ է, 50-ը՝ մաքի։
Տեղում նվասը գույքագրել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի կողմից ստեղծված հանձնաժողովները։ Ըստ կազմված ակտի՝ հոշոտված ոչխարները պատկանել են Նորատուս գյուղի 9 տնտեսություննների, որոնցից 50-ը՝ հովիվ Արայիկ Հայրապետյանին, մնացած 25-ը՝ 8 այլ տնտեսությունների։
«Հովիվ Արայիկ Հայրապետյանին պատկանող փարախում ու գոմում եղել են 217 գլուխ ոչխար, որոնց մի մասը մասնավոր տնտեսություններից վարձով պահելու նպատակով հավաքագրել է Արայիկ Հայրապետյանը։ Գայլերը գոմ են թափանցել բաց պատուհանից, վնաս են հասցրել նաև բացօթյա փարախում գտնվող ոչխարներին»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Տնտեսություններին հասցված վնասը գնահատվել է 3 միլիոն 500 հազար դրամ։
Կարծիքներ