ՀՀ ԱԳ փոխնախարարն Ուզբեկստանի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամի վերացման հրամայականը
Տաշքենդում տնտեսական համագործակցության հարցերով հայաստանա-ուզբեկստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը օգոստոսի 3-ին հանդիպում է ունեցել ՈՒՀ ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերը քննարկել են ՀՀ և ՈՒՀ միջև քաղաքական երկխոսության հետագա խթանմանը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Մնացական Սաֆարյանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ ահագնացող հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը:
Կարծիքներ