Երկու մարզում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ
Կառավարության որոշմամբ կապահովվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայր, աղբի փոխաբեռնման կայաններ, ինչպես նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլնը` դրամաշնորհ: Ծրագրի շրջանակում կառուցվել են Հրազդան համայնքի տարածքում առաջին սանիտարական աղբավայրը՝ իր համապատասխան ենթակառուցվածքներով և Ակունք ու Մարտունի բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանները։ Միաժամանակ, ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման համար մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, որոնց հիման վրա մշակվել է աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող հատուկ տեխնիկայի, աղբատար մեքենաների ու աղբամանների բնութագրերը, քանակը և տեղաբաշխման սխեմաները և իրականացվել են վերջիններիս գնման գործընթացները։
Արդեն իսկ ձեռք են բերվել 28 աղբատար մեքենա, 6000 աղբաման, աղբավայրի շահագործման համար տոփանիչ մեքենա, բուլդոզեր, ամբարձիչ, ինքնաթափ բեռնատար, կեղտաջրերի հավաքման բեռնատար։ Ծրագրի շրջանակում հիմնվել է «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊ ընկերությունը: Որոշմամբ առաջարկվում է ծրագրի մեկնարկի համար ընկերությանը տրամադրել 34,720.9 հազար դրամ:
Կարծիքներ