Մեկնարկել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի առաջին փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը. այսօր մեկնարկել է 2023 թ. առաջին փուլը:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը. «Սա ԿԳՄՍ նախարարության՝ այս ոլորտի պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի ամենակարևոր ծրագրերից մեկն է: Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, և նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահեն երիտասարդական աշխատանք իրականացնելու համար»։
Զարա Ասլանյանն իրազեկել է, որ արդեն իսկ սկսվել են «Երիտասարդության մասին» օրենքի մշակման աշխատանքները, որում կսահմանվի նաև «երիտասարդական աշխատող» եզրույթը: Նա կոչ է արել լինել մասնակցային և ունենալ սեփական ներդրումը օրենքի մշակման գործում:
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող անձանց համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Ծրագրին այս տարի մասնակցում է 25 ներկայացուցիչ ՀՀ տարբեր համայնքներից, այդ թվում՝ երիտասարդական կենտրոնների աշխատակիցներ, մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողներ, երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցներ, կամավորներ և այլք:
Դասընթացն իրականացվում է երեք փուլով՝
առաջին փուլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-8,
երկրորդ փուլ՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-8,
երրորդ փուլ՝ 2023 թվականի նոյեմբերի 6-8:
Փուլերի միջև ընկած ժամանակահատվածում դասընթացի մասնակիցների հետ անհատական աշխատանքներ կիրականացնեն դասընթացավարները։
Որպես դասընթացավարներ՝ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ:
Կարծիքներ