BBC-ն ավելի քան 110 000 բողոք է ստացել արքայազն Ֆիլիպի մահվան չափազանց մանրակրկիտ լուսաբանման համար. սա ռեկորդ է բրիտանական հեռուստատեսության պատմության մեջ
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան հեռուստադիտողներից և ռադիոլսողներից ստացել է ավելի քան 110 հազար բողոք: Մարդիկ դժգոհ են հեռարձակման ցանցի փոփոխությունից՝ կապված Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան հետ: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Ինչպես նշում է The Guardian-ը, BBC-ին ստացված բողոքների թիվը հասել է 110 994-ի, ինչը նոր ռեկորդ է բրիտանական հեռուստատեսության պատմության մեջ: Դժգոհողների մեծ քանակի պատճառով կորպորացիան նույնիսկ իր կայքում այս հարցով դիմելու հատուկ ձև է մշակել:
Հեռուստադիտողները և ռադիոլսողները հիմնականում դժգոհում են, որ BBC-ն չափազանց շատ ժամանակ է տրամադրում արքայազն Ֆիլիպին և ընտրություն չի թողնում նրանց, որոնք ցանկանում են այլ բան դիտել: BBC-ի մոտեցումից դժգոհողների թվում էին կորպորացիայի նախկին հաղորդավար Սայմոն Մաքքոյը, ինչպես նաև լրագրող և քաղաքական գործիչ Քրիս Մուլինը: «BBC-ն մեծ սխալ է թույլ տալիս` արքայազն Ֆիլիպի մահը լուսաբանելով հյուսիսկորեական ոճով»,-գրել է Մուլինը իր թվիթերյան էջում:
«Ցավում եմ BBC-ի համար: Եթե նրանք արքայազնի մասին ծրագրեր ցույց չտային, նրանց կմեղադրեին հարգանքի բացակայության համար: Բայց թվում է, որ նրանք (ամեն դեպքում) շատ մարդկանց են զայրացրել», -ասել է The Sun-ի աղբյուրը:
Բուն BBC-ում, պատասխանելով հրատարակության հարցին, նշել են, որ իրենք «հպարտ» են նրանով, թե ինչպես է կորպորացիան արձագանքել արքայազնի մահվանը: Նրանք հրաժարվել են մեկնաբանել բողոքների քանակը՝ ասելով, որ դրանց թիվը պաշտոնապես կներկայացնեն ապրիլի 15-ին:
Ապրիլի 9-ին ՝ արքայազն Ֆիլիպի մահվան օրը, Մեծ Բրիտանիայում BBC հեռուստաալիքները և ռադիոկայանները մեկ օրով փոխել են իրենց հեռարձակման գրաֆիկը ՝ հօգուտ բրիտանական թագուհու ամուսնուն նվիրված հաղորդումների: Այդ պատճառով չեն հեռարձակվել այնպիսի հանրաճանաչ շոուներ, ինչպիսիք են «Իսթ Էնդի բնակիչները» հեռուստասերիալը և «Ամերիկայի լավագույն խոհարար» ռեալիթի շոուն:
Արդյունքում, BBC One-ի լսարանը ապրիլի 9-ի երեկոյան նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 6%-ով, BBC Two-ի լսարանը`65%-ով:
Կարծիքներ