Մի բռնակալի կողմից էթնիկ զտման հաջողությունը խրախուսեց մյուսներին. Թանկյանը հիշեցրել է Իսրայելի՝ Ադրբեջանին աջակցելու մասին
Սերժ Թանկյանը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից խաղաղ իսրայելցիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, բայց նաեւ հիշեցրել, որ ժամանակին Իսրայելն աջակցում էր Ադրբեջանին, որը նույն գործողությունը կատարում էր Արցախում ապրող հայերի նկատմամբ։
X-ի իր էջում Թանկյանը գրել է․«Խաղաղ բնակիչների վրա հարձակումը, նրանց առեւանգումն ու սպանելը պատերազմական հանցագործություններ են՝ անկախ նրանից, թե ով է դա անում։ Այն, ինչ ես տեսա Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից՝ սարսափելի է։ Անցյալում մենք տեսել ենք նաեւ Իսրայելի կողմից Պաղեստինի քաղաքացիների սպանություններ։
Հավելեմ նաեւ, որ մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի կողմից զինված Ադրբեջանը նունն արել է Արցախում ապրող հայերի նկատմամբ՝ ստիպելով նրանց փախչել իրենց 3000 տարվա հայրենիքից։
Այն, ինչ մենք ստացանք այն ժամանակ Իսրայելի կառավարությունից, կեղծ հավասարություն էր՝ երկու կողմերին զսպվածության կոչով»:
Աշխարհահռչակ հայ երաժիշտը հավելել է․«Մի բռնակալի կողմից էթնիկ զտման հաջողությունը խրախուսեց մյուսներին: Ես կանգնած եմ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների կողքին, ովքեր ցանկանում են խաղաղություն»:
Կարծիքներ