Տեսչական մարմինը դրական արդյունքներ է արձանագրել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Այսօր՝ հունիսի 19-ին, տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Հագուստի եւ շինարարական ապրանքների վաճառակետերում եւ խանութներում այս պահի տվյալներով պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի ընդամենը 1 խախտում է արձանագրվել:
Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած նշված ոլորտների գրեթե բոլոր վաճառքի կետերում առկա են եղել ախտահանիչ նյութեր, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ, լվացարաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումներ, ջերմաչափեր եւ ջերմաչափման գրանցամատյաններ: Բոլոր խանութներում փակցված են եղել պարտադիր դիմակներ կրելու մասին իրազեկման թերթիկներ:
Այլ է իրավճակը նավթամթերքի լցակայանների եւ գազալցակայանների ոլորտում: Մշտադիտարկում իրականացված տնտեսավարողների ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի բազմաթիվ խախտումներ, մասնավորապես բացակայել են փակվող աղբամանները, ջերմաչափերը եւ ջերմաչափման գրանցամատյանները: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակի պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները:
Բոլոր բենզալցակայաններում եւ գազալցակայաններում առկա են եղել ախտահանիչ նյութեր:
Մշտադիտարկման արդյունքում գրանցված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ եւ ներկայացվում են պարետատուն:
Կարծիքներ