Արագածոտնի մարզպետն այցելել է Ակունքի միջնակարգ դպրոց
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ այցելել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց՝ անձնակազմի հետ ծանոթանալու, առկա խնդիրները և մանկավարժների կողմից բարձրացված հարցերը տեղում քննարկելու նպատակով:
Ողջունելով դպրոցի կոլեկտիվին՝ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ասել է. «Առանց լավ կրթության, առանց կրթված սերնդի հնարավոր չէ դիմագրավել մարտահրավերներին: Մանկավարժի աշխատանքը ավելի դյուրին դարձնելը, Ձեզ համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելը մեզ համար առաջնային է: Ես այցելել եմ դպրոց, որպեսզի ծանոթանամ ձեզ հետ և անմիջապես ձեզնից լսեմ այն խնդիրները, որոնց բախվում եք դուք: Վստահ եղեք՝ Ձեր խնդիրները կդառնան իմ խնդիրները, և մենք միասին կգտնենք դրանց լուծման ամենից արդյունավետ տարբերակը»:
Մանկավարժների և դպրոցը տնօրենության հետ մարզպետը և ԿՄՍ վարչության պետը քննարկել են վերապատրաստման, ատեստավորման, դասապրոցեսի կազմակերպման գործընթացին և աշակերտների առաջադիմությանը վերաբերող մի շարք հարցեր, որից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջել են դպրոցում՝ ծանոթանալով շենքային և գույքային պայմաններին, իրականացված բարեկարգման աշխատանքներին:
Վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 4.8 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի միջնորդությամբ: Վերանորոգվել է դպրոցի տանիքը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 8.5 միլիոն դրամը հատկացրել է Արագածոտնի մարզպետարանը:
Ձեռք է բերվել աշակերտական գույք, որի համար մարզպետարանը հատկացրել է շուրջ 1 միլիոն դրամ: Բացի այդ, Արագածոտնի մարզպետարանի միջնորդությամբ, պետական բյուջեից 12.5 միլիոն դրամ է հատկացվել Ակունք համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար:
Կարծիքներ