ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են 2021 թվականին կատարված աշխատանքները

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են 2021 թվականին կատարված աշխատանքները

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են 2021 թվականին կատարված աշխատանքները  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ‹‹Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի›› (ՄԿՈՒԶԱԽ) նիստը:  Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին, մաղթել արդյունավետ քննարկում՝ ի նպաստ ոլորտի զարգացմանը:  «Ցանկացած առաջարկ և ներկայացվող ծրագիր պետք է բխի կրթության ռազմավարությունից, որը մշակում է կրթության պետական լիազոր մարմինը, քանի որ մենք ենք ոլորտում իրականացվող յուրաքանչյուր գործընթացի պատասխանատուն»,- նշել է նախարարը: Նիստի օրակարգում քննարկվել են ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Խորհրդի գործառույթի, բովանդակության հստակեցմանը:  Մասնակիցները կարևորել են ՄԿՈՒ հաստատություններում գործող կարիերայի կենտրոնների գործունեության արդյունավետությունը` շեշտելով աշխատաշուկայի հետ կապի ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը: Նախարար Վահրամ Դումանյանը կոչ է արել հնչեցնել հիմնավոր առաջարկներ և դրանք գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն` նպատակ ունենալով որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում աջակցել ՄԿՈՒ հաստատություններին:  Օրակարգում ներառված է եղել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում գործող իրավական նորմատիվ ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հարցը: Փոփոխություններ են կատարվել ուսումնական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու, ՄԿՈՒ տնօրենների մրցութային ընտրության կարգերում:  Օրակարգային հարցերի թվում էին նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կոկողմից 2021 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:  Նիստի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի անդամներին ներկայացվել են ‹‹Գերմանական միջազգային համագործակցության›› ընկերության հետ (GIZ) համագործակցության շրջանակում ՆՄՄԿ ոլորտում դուալ ուսուցման համակարգի փորձնական ներդրման մոնիթորինգի և գնահատման արդյունքները: Զեկույցը ներկայացրել է GIZ ծրագրերի համակարգող Յուլյա Ստակյանը` նշելով, որ դուալ կրթությունը ներդրված է շուրջ մեկուկես տասնյակ հաստատություններում:   Փորձարկվող դուալ կրթության ծրագրին մասնակցել է ավելի քան 600 ուսանող, որոնք ձեռք են բերել ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ ու կարողություններ աշխատաշուկայի համար: Դուալ ՄԿՈՒ համակարգը ենթադրում է, որ ուսումնառության գործընթացը տեղի է ունենում երկու  հաստատություններում՝ քոլեջում կամ ուսումնարանում, ինչպես նաև ուսումնական հաստատության հետ համագործակցող մասնավոր ընկերությունում: Նպատակային է համարվում ուսուցման այս մոդելը ներդնել ավելի մեծ թվով ՄԿՈՒ հաստատություններում:  Խորհրդի անդամներն օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ առաջարկներն ու դիտողություններն առցանց ներկայացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ըստ անհրաժեշտության հաջորդ նիստին քննարկելու համար:  

                 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ                                                                                                   ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում