Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ուղղված նամակում Շառլ Միշելը կոչ է արել ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը. POLITICO

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ուղղված նամակում Շառլ Միշելը կոչ է արել ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը. POLITICO

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 18-ին Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ փորձելով վերաակտիվացնել կողմերի միջև խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է POLITICO-ն՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան դիվանագետների հետ ունեցած զրույցը։

Ըստ աղբյուրի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, քանի որ պատերազմից տուժած տարածաշրջանում լարվածությունը մեծանում է: 

Հաղորդվում է, որ Շառլ Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը՝ առաջընթաց գրանցելով դեռևս չլուծված հարցերում, ինչպիսին է, օրինակ, սահմանների սահմանազատումը: 

Լրատվամիջոցը գրում է՝ այդուհանդերձ, Բրյուսելում աճում է հիասթափությունն այն բանից հետո, երբ ամիսներ տևած ձգձգումները և դիվանագիտական ​​փակուղին այդպես էլ չեն կարողացել երկար սպասված զինադադարն իրականություն դարձնել։ 

«Չնայած Միշելի հետ հանդիպումներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան հնարավորություն գտնել բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար՝ միմյանց մեղադրելով առճակատման մեջ։ 

Ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելը ԵՄ-ի ուժերի սահմաններում արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում